Կրթահամալիրում մեկնարկեց «Հանուն Արցախի» ամանորյա բարեգործական տոնավաճառը, որի ողջ հասույթն ուղղվելու է Արցախից եկած ընտանիքներին։
Հարուստ ու բազմագույն էր մեր տոնավաճառը․ ներկայացվեցին մեր սաների ձեռքով պատրաստված
գունեղ, տարբերվող ու բազմատեսակ աշխատանքները, հուշանվերները, բացիկներն ու էկո զարդերը,
ծնողական համայնքի կողմից տարատեսակ ձեռքի աշխատանքները, քաղցրավենիքն ու անուշեղենը և
կրթահամալիրում սովորող արցախցի երեխաների մայրիկների պատրաստած ամենահամեղ ու ավանդական ժենգյալով հացը։
Պահպանելով համաճարակային բոլոր կանոնները՝ պետք է փաստենք, որ բարեգործական տոնավաճառին մասնակցությունը բավականին մեծ էր, ինչն իրապես ուրախալի է և ողջունելի․ տոնավաճառից գոյացած երկու օրվա հասույթը կազմեց մոտ 200․000 դրամ։
Տեղեկացնենք, որ նախաձեռնող խումբը այս ընթացքում զբաղվում է նաև արցախցի ընտանիքներին
այցելելով և նրանց կարիքի գնահատմամբ. վստահեցնում ենք, որ հավաքված ողջ գումարը նպատակային կուղղվի ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցների աջակցությանը։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն ու փոքրիկ ներդրումն ունեցան հանուն Արցախի։
Category:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ ամենամյա 4-րդ բնապահպանական երիտասարդական կոնֆերանսը, որը Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպած` «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» միջազգային ծրագրի վերջին ակորդն էր: 2017թ․-ին ներկայացվել էր 230 նախագիծ տարբեր երկրներից` Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Վրաստան և այլն: Միջազգային ժյուրիի կողմից ընտրվել էին 15 լավագույնները, որոնց թվում էր Հայաստանը ներկայացնող «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի` «Ավելի քիչ սննդային մնացորդներ աղբամանում. եկեք նվազեցնենք սննդային թափոնները դպրոցի խոհանոցում» նախագիծը:
Այսօր աշխարհում առկա են առաջնային համարվող բնապահպանական մի շարք խնդիրներ,
որոնց այլ կերպ անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ: Դրանք պահանջում են շուտափույթ եւ բազմակողմանի լուծումներ: Երևանի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, կարևորելով բնապահպանության դերը շրջակա միջավայրում, բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում` բարձրացնելով էկոլոգիական համակարգում առկա հիմնախնդիրների լուծմանը միտված հարցեր, որոնց մշտապես ակտիվորեն մասնակցում են տարբեր դասարանների աշակերտներ:
Բեռլինում կրթահամալիրի թիմը ներկայացրին կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանը, գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանը, 10-րդ դասարանի սաներ Նանե Շահբազյանը, Պետրոս Հովհաննիսյանը եւ Իրինա Գևորգյանը:
Նախագծի նպատակների, խնդիրների և արդյունքի կարևորության մասին պատմում են ուսուցիչներն ու սաները. 2015 թվականից այս մրցույթի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում դպրոցականները լուծում են բնապահպանական խնդիրներ: 7-11-րդ դասարանների աշակերտներն իրենց շրջապատում գտնում են որևէ էկոլոգիական խնդիր, հետազոտում այն ու առաջարկում լուծման ճանապարհներ:
Այնուհետև մշակվում է պլան, թե ինչպես պետք է հասարակայնացնել խնդիրը, ապա կյանքի կոչել նախագիծը, որի ակնկալվող արդյունքն է ստեղծել կանաչ օրգանական բանջարանոց ողջ տարվա համար, ստանալ էկոլոգիապես մաքուր, օգտակար, անվնաս, առողջարար բանջարեղեն: Այս ամենն արվեց գերմաներեն լեզվով` կիրառելով «առարկայի և լեզվի ինտեգրված ուսուցում» մեթոդը:
Նախագծի շրջանակներում մի շարք հանդիպումներ տեղի ունեցան բնապահպանական կազմակերպությունների հետ, իրականացվեցին ուսումնասիրություններ և հարցումներ: Արդյունքում` պարզ դարձավ, որ ամենօրյա օգտագործվող
ռեսուրսների միայն 6 տոկոսն է վերածվում օգտակար արտադրանքի, իսկ մնացյալ մասը վերածվում
է թափոնի: Սննդային մեծ ծավալները կորչում են խանութներում, տանը, սննդի տեղափոխման, պահեստավորման և վերամշակման ընթացքում և այլն:
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ էին 5 լիտրանոց պլաստիկ ամաններ, տարբեր օրգանական թափոններ, հող, ջուր և տերմոմետր: Մանակիցները, կտրելով պլաստիկ ամանների վերնամասը, լցրեցին կիսով չափ սննդային մնացորդներ, ծղոտ, թուղթ, չոր տերևներ: Խառնուրդը թրջեցին և թողեցին բացօթյա վիճակում:
Ջերմաստիճանը տատանվում էր 41 C – 63 C: Մեկ շաբաթ անց վրան լցրեցին հող և ցանեցին սերմեր: Սննդային մնացորդների փտումից անջատված բնական ջերմային էներգիան և խոնավությունը, նպաստեցին սերմերի արագ ծլմանն ու աճին: Արդյունքը էկոլոգիապես մաքուր բանջարեղենն էր, որն օգտագործվեց դպրոցի ճաշարանում:
Բեռլինում արդեն «Փոքրիկ Իշխան»-ի նախագիծն արժանացավ բարձր գնահատանքի: Կոնֆերանսի շրջանակներում միջթիմային հանդիպումներն իրականացվում էին գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որին ակտիվորեն մասնակից դարձավ հայաստանյան թիմը` կարողանալով ապահովել 3 լեզուներով հաղորդակցությունն ու թարգմանությունը տարբեր երկրներ ներկայացնող թիմերի միջև: Կոնֆերանսից դուրս վերջիններս շրջեցին և ծանոթացան Բեռլինի տեսարժան վայրերին:
Գերմանիայից կրթահամալիրի թիմը վերադարձավ պատվոգրերով և վառ տպավորություններով:
Category:
Ունենք գույն-գույն ձվիկներ,
Դեղին, կանաչ ու կարմիր,
Զատկի տոնն ենք մենք նշում,
«Փոքրիկ Իշխան» դպրոցում…
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բազմաժանր տոների ցանկում այևս իր գունեղ ու յուրատեսակ տեղը կզբաղեցնի։ Հրաշալի ու ինքնատիպ մի տոնախմբություն, որն տեղի ունեցավ մեր կրթահամալիրում, իր տեսակով տարբերվող ու բացառիկ էր։ Զատկական մշակույթը համակել ու հավաքել էր բոլորին՝ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին և թե՛ մեր դպրոցի լավ ու հարազատ բարեկամներին։
Ամբողջովին զատկական շունչն էր թևածում դպրոցում, իսկ գարնանային ու զատկական գույները դպրոցի միջանցքներում իսկական շուրջպար էին բռնել՝ տարածվելով ու տոնական տրամադրությունը փոխանցելով բոլոր ներկաներին։ Ամեն մի դասարան ներկայացավ իր ինքնատիպ ու գեղեցիկ զատկական սեղանով՝ երեխաների ձեռքի թեմատիկ աշխատանքներով, տոնին բնորոշ ավանդական ուտեստներով, բացառիկ ու յուրօրինակ իրերով, ջերմությամբ ու բարությամբ, սիրով ու խնդությամբ։
Ներկաները ականատես եղան հայկական ավանդական ծիսակատարության թատերական փոքրիկ ներկայացման, զատկական խաղիկների, երգ ու պարի, ավանդական պատմությունների ու հետաքրքիր տեղեկությունների։
Շրջայց տոնախմբությունն իրականում երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր․ մեր ուսուցիչներն ու երեխաները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտեցել տոնի խորհրդին և առավել քան գեղեցիկ ներկայանալու կարևոր խնդրին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին մեզ այսօրվա փայլուն ու վառ տոնախմբությունն իրականացնելու համար։
Շնորհակալ ենք մեր բոլոր ուսուցիչներին, հատկապես դպրոցի գեղ․ ղեկավար Մարգարիտ Շահվալադյանին, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանին, նկարչության ուսուցչուհի Բիայնա Ասրյանին, Աիդա Սահակյանին և բոլոր այն ծնողներին, ովքեր օգնեցին ու աջակցեցին մեզ։
Հին հայկական տոներն ու ավանդույթները շարունակվում են և գեղեցիկ մատուցվում՝ ի դեմս մեր սրտացավ ու գիտակ մանկավարժների։
Category:
Մարտի 23-ին կայացավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանսը, որի փոքրիկ, գողտրիկ ու հյուրընկալ անկյուններից մեկը զբաղեցնում էր մեր կրթահամալիրի տաղավարը:
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, յուրօրինակ ձեռքի աշխատանքներ,էկո զարդեր և պայուսակներ, չկրկնվող հուշանվերներ և այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր անակնկալներ և բազմազան խաղեր, անսահման ուրախ մայրիկներ ու փոքրիկներ:
Առավել տպավորիչ էր մեր կրթահամալիրի թատերական ստուդիայի սաների փայլուն ելույթը, որի ժամանակ ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը: Իսկապես, մեր աստղերը փայլեցին իրենց անզուգական խաղով՝ մեծ ոգևորություն և հաճելի պահեր պարգևելով ներկաներին:
Category:
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը «Կլիմայական արկղիկ» բնապահպանական ծրագրի մրցութային փուլի՝ «Ածխածնի հետքի նվազեցումը» անվանակարգում գրավել է 1-ին տեղը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ԿԳ նախարարության կողմից՝ ՌԴ ֆինանսական օժանդակությամբ: Ծրագիրն իր մեջ ներառում է ուսումնախաղային նյութերի գործիքատուփ, որի հիման վրա երեխաները ստանում են գիտելիքներ կլիմայի փոփոխության, նրա ազդեցության և ապագայում մարդկանց ադապտացվելու մասին: Ծրագրի մրցույթային մասի նպատակն է՝ դպրոցականներին ընդգրկել նախագծային հետազոտական աշխատանքների մեջ՝ կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու համար:
Մեր կրթահամալիրի էկո-խմբակի սաները՝ ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանի ղեկավարությամբ, նախագիծ էին ներկայացրել մրցույթի «Ածխածնի հետքի նվազեցումը» անվանակարգում:
Մարտի 22-ին մրցույթի շնորհանդեսին կրթահամալիրի թիմը, և մասնավորապես 7-րդ դասարանի աշակերտ ՝ Դավիթ Նավասարդյանը ռուսերենով գեղեցիկ ու հետաքրքիր ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի մանրամասները: Արդյունքում՝ նախագիծը հաղթեց ոչ միայն ազգային, այլ նաև անցավ միջազգային փուլ, որը տեղի կունենա Ղազախստանի Ալմաթի քաղաքում ապրիլի 24-27-ը:
Շնորհավորում ենք Դավիթ Նավասարդյանին, ինչպես նաև նախագծի մասնակից աշակերտներին, ուսուցիչներ՝ Ռուզաննա Սիմոնյանին և Աիդա Աբաջյանին՝ հրաշալի աշխատանքի և հաղթանակի կապակցությամբ:
Հատուկ շնորհակալություն ժյուրիի անդամներին և ծրագրի համակարգողներ՝ Արմինե Պողոսյանին և Արմինե Արշակյանին:
Category:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ ամեն տարի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն առավել հագեցած, գրքաշատ ու յուրօրինակ տոն դարձնել բոլորի համար:
Դպրոցի գրքառատ անկյունն այսօր առավել քան հյուրընկալ էր. զուգված տոնի խորհրդով, իր գունեղ բազմաբովանդակ անկյուններով, գրքերի բազմատեսակ գրավչությամբ:
Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին բազնաժանր ու բազմաբովանդակ գրքեր: Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով՝ թումանյանական շնչով ու ոգով: Ամեն մի դասարան նաև գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել դպրոցի գրադարանին ՝ նվիրելով իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքեր, նկարազարդ պաստառներ, բացառիկ ու ինքնատիպ աշխատանքներ:
Սիրելի՛ աշակերտներ, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս ուսանող, գրքասեր ու գրքառատ տոնի առթիվ:
Թող այն թանկարժեք պարգևը, որ կրում են իրենց էջերում գրքերը, և այն կարևոր արժեքները, որոնք ամփոփված են գրքերի էջերում ձեր մշտական ուղեկիցն ու խորհրդատուն լինեն՝ կյանքում բանալով բազում դռներ:
Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն նշում է փետրվարի 14-ին, տոնը սկսվում է երեկոյան, երբ եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ:
Միանալով օրվա խորհրդին՝ փետրվարի 13-ին վառվող խարույկի ծխին էր խառնվել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բակում տիրող տոնական մթնոլորտը: 6(ա) դասարանի աշակերտները ներկայացրեցին Տյառնընդառաջի խորհուրդն արտահայտող ծեսերն ու ազգային ավանդույթները: Տոնական սեղանը ևս զարդարված էր ավանդական աղանձով ու փոխինդով, ընդեղենով ու չրերով: Իսկ կրակի շուրջ հավաքված աշակերտներն ու ուսուցիչները երգ ու պարով ավելի էին ջերմացնում տոնական մթնոլորտը: Միջոցառման ավարտին բոլորը՝ փոքրից մեծ, ուրախ, զվարթ ցատկեցին կրակի վրայով:
Category:
Դեսպան Քիսլերը «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում ներկա գտնվեց „Jeder ist anders“ մանկական մյուզիքլին: 5-րդ դասարանի աշակերտները երկարատև փորձերից հետո բեմ էին բարձրացրել Հանս Հազեի պատմությունը: Գյոթե ինստիտուտի մշակած այս մյուզիքլը ժամանցային ոճով ի ցույց է դնում հանդուրժողականության և ընկերության արժեքը: Հրաշալի ներկայացում խաղալով՝ երեխաները ևս մեկ առիթ ունեցան հավաստելու գերմաներենի իրենց գիտելիքները:
Category:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ամանորյա բարձր տրամադրությունը և մեկը մեկին հաջորդող գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառումները շարունակվում են. ամանորյա հեքիաթին համահունչ՝ միևնույն ժամանակ տարբերվող, ճանաչողական ու ուսուցողական։ Հերթական բեմելը 2-րդ դասարանցիներինն էր։ Մեր սաները ռուսաց լեզվով ներկայացրին Արեգ Լուսինյանի «Поющая Азбука» ամանորյա մյուզիքլը։ Հիացմունքի էր արժանի երեխաների հստակ խոսքն ու ամեն տառին բնորոշ գեղեցիկ կեցվածքը, վառ ու պայծառ կերպարները, երգն ու պարը, Ձմեռ պապն ու բազում նվերները, իսկ դահլիճում տիրող բարձր տրամադրությունը վկայում էր կայացած միջոցառման մասին։ Մեր ուսուցիչների համատեղ ու տքնաջան աշխատանքի արդյունքում ականատես եղանք և՛ գիտելիքի գեղեցիկ մատուցման, և՛ ամանորյա ամենագունեղ հեքիաթի, իսկ մեր սաներն իրենց անկրկնելի ելույթով իրական տոն ստեղծեցին ներկաների համար։
Category:
Կրթահամալիրում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ տարեմուտին կազմակերպել ամենաուրախ ու անակնկալներով լի ամանորյա դիմակահանդես։ Այս տարի ևս, չխախտելով ավանդույթը, 8-12-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու մեր նախկին շրջանավարտները համախմբվել էին՝ տոնական օրվան միանալու և միասին ճանապարհելու անցնող տարին։ Գեղեցիկ, ուրախ, տպավորիչ կատարումներ, խաղեր, մրցույթներ, պարային համարներ, բարձր ու տոնական մթնոլորտ, հրաշալի տրամադրություն։ Հիշարժան ու տոնական օր, որն իրապես երկար կհիշվի՝ թողնելով անմոռաց, հաճելի ու դրական հուշեր։ Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՝ մաղթելով առողջության, խաղաղության, հաղթանակներով և վառ տպավորություններով լի տարի։
Category: