Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ ամենամյա 4-րդ բնապահպանական երիտասարդական կոնֆերանսը, որը Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպած` «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» միջազգային ծրագրի վերջին ակորդն էր: 2017թ․-ին ներկայացվել էր 230 նախագիծ տարբեր երկրներից` Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Վրաստան և այլն: Միջազգային ժյուրիի կողմից ընտրվել էին 15 լավագույնները, որոնց թվում էր Հայաստանը ներկայացնող «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի` «Ավելի քիչ սննդային մնացորդներ աղբամանում. եկեք նվազեցնենք սննդային թափոնները դպրոցի խոհանոցում» նախագիծը:
Այսօր աշխարհում առկա են առաջնային համարվող բնապահպանական մի շարք խնդիրներ,
որոնց այլ կերպ անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ: Դրանք պահանջում են շուտափույթ եւ բազմակողմանի լուծումներ: Երևանի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, կարևորելով բնապահպանության դերը շրջակա միջավայրում, բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում` բարձրացնելով էկոլոգիական համակարգում առկա հիմնախնդիրների լուծմանը միտված հարցեր, որոնց մշտապես ակտիվորեն մասնակցում են տարբեր դասարանների աշակերտներ:
Բեռլինում կրթահամալիրի թիմը ներկայացրին կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանը, գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանը, 10-րդ դասարանի սաներ Նանե Շահբազյանը, Պետրոս Հովհաննիսյանը եւ Իրինա Գևորգյանը:
Նախագծի նպատակների, խնդիրների և արդյունքի կարևորության մասին պատմում են ուսուցիչներն ու սաները. 2015 թվականից այս մրցույթի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում դպրոցականները լուծում են բնապահպանական խնդիրներ: 7-11-րդ դասարանների աշակերտներն իրենց շրջապատում գտնում են որևէ էկոլոգիական խնդիր, հետազոտում այն ու առաջարկում լուծման ճանապարհներ:
Այնուհետև մշակվում է պլան, թե ինչպես պետք է հասարակայնացնել խնդիրը, ապա կյանքի կոչել նախագիծը, որի ակնկալվող արդյունքն է ստեղծել կանաչ օրգանական բանջարանոց ողջ տարվա համար, ստանալ էկոլոգիապես մաքուր, օգտակար, անվնաս, առողջարար բանջարեղեն: Այս ամենն արվեց գերմաներեն լեզվով` կիրառելով «առարկայի և լեզվի ինտեգրված ուսուցում» մեթոդը:
Նախագծի շրջանակներում մի շարք հանդիպումներ տեղի ունեցան բնապահպանական կազմակերպությունների հետ, իրականացվեցին ուսումնասիրություններ և հարցումներ: Արդյունքում` պարզ դարձավ, որ ամենօրյա օգտագործվող
ռեսուրսների միայն 6 տոկոսն է վերածվում օգտակար արտադրանքի, իսկ մնացյալ մասը վերածվում
է թափոնի: Սննդային մեծ ծավալները կորչում են խանութներում, տանը, սննդի տեղափոխման, պահեստավորման և վերամշակման ընթացքում և այլն:
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ էին 5 լիտրանոց պլաստիկ ամաններ, տարբեր օրգանական թափոններ, հող, ջուր և տերմոմետր: Մանակիցները, կտրելով պլաստիկ ամանների վերնամասը, լցրեցին կիսով չափ սննդային մնացորդներ, ծղոտ, թուղթ, չոր տերևներ: Խառնուրդը թրջեցին և թողեցին բացօթյա վիճակում:
Ջերմաստիճանը տատանվում էր 41 C – 63 C: Մեկ շաբաթ անց վրան լցրեցին հող և ցանեցին սերմեր: Սննդային մնացորդների փտումից անջատված բնական ջերմային էներգիան և խոնավությունը, նպաստեցին սերմերի արագ ծլմանն ու աճին: Արդյունքը էկոլոգիապես մաքուր բանջարեղենն էր, որն օգտագործվեց դպրոցի ճաշարանում:
Բեռլինում արդեն «Փոքրիկ Իշխան»-ի նախագիծն արժանացավ բարձր գնահատանքի: Կոնֆերանսի շրջանակներում միջթիմային հանդիպումներն իրականացվում էին գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որին ակտիվորեն մասնակից դարձավ հայաստանյան թիմը` կարողանալով ապահովել 3 լեզուներով հաղորդակցությունն ու թարգմանությունը տարբեր երկրներ ներկայացնող թիմերի միջև: Կոնֆերանսից դուրս վերջիններս շրջեցին և ծանոթացան Բեռլինի տեսարժան վայրերին:
Գերմանիայից կրթահամալիրի թիմը վերադարձավ պատվոգրերով և վառ տպավորություններով:
Category: Իրադարձություններ