«Անթափոն դպրոց առողջ համայնքում» նախագիծ

 

   «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը վերջերս անցկացրեց «Երիտասարդական գագաթաժողով», որի շրջանակներում ամփոփվեց հիմնադրամի էկոակումբների գործունեության մեկ տարին։ Մեր կրթահամալիրը ևս մասնակցեց գագաթաժողովին և էկո ակումբի սաները` Գասպարյան Նատալին և Գադուկյան Անգելինան, ծրագրի ղեկավար Ռուզաննա Սիմոնյանի գլխավորությամբ, ներկայացրին «Անթափոն դպրոց առողջ համայնքում» նախագիծը։ Արդյունքում, նախագիծը արժանացավ «Ստեղծարար թիմ» անվանակարգին։Ծրագրի շրջանակներում ներկայացվեց կրթահամալիրում կառուցված ջերմոցը։ 
    Մինի ջերմոցը կառուցվել է կրթահամալիրի  դպրոցամերձ հողամասում Էյ Թի Փի կազմակերպության ծրագրի շրջանակներում, ԷԼ Հոլդինգ կազմակերպության աջակցությամբ և դպրոցի աշխատակիցների ու աշակերտների ջանքերով։
    Ջերմոցում բույսեր աճեցնելու համար էկո խմբակի սաները թափոններից պատրաստել են ծաղկամաններ:
    Առաջիկայում նախատեսվում է պատրաստել հիդրոպոնիկ սարքեր՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար, իսկ սննդային թափոններից կոմպոստ՝ բույսերի աճը խթանելու համար։
    Ծրագիրը շարունակական է և այս տարի  կրթահամալիրի աշակերտները կիրականացնեն ուսումնական,  հետազոտական աշխատանքներ՝ զարգացնելով աշակերտների գործնական հմտությունները։
    Նշենք, որ ջերմոցը օգտագործվելու է կրթահամալիրի տարածքների կանաչապատման, ծառերի, թփերի տնկիներ աճեցնելու համար:
     Էկո խմբակի աշակերտները արդեն աճեցրել են կաղնու սերմերից տնկիներ, այժմ տնկել են օճառածառի սերմեր, որոնք գարնանը կառանձնացնեն ծաղկամանների մեջ:
     Ջերմոցում նախատեսվում է նաև աճեցնել և վերականգնել անհետացող բուսատեսակների քանակը:
     Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Էյ Թի Փի  ԲՀ-ին գաղափարին  աջակցելու և համագործակցության, ԷԼ Հոլդինգ կազմակերպությանը՝  ջերմոցի կառուցման աշխատանքները կազմակերպելու համար, ինչպես նաև, շնորհակալ ենք էկոակումբի մեր սաներին, փայտամշակման ուսուցիչ Գարիկին և իհարկե՝ ծրագրի ղեկավար Ռուզաննա Սիմոնյանին՝ գաղափարի իրականացման ողջ ընթացքը կազմակերպելու, սաներին ոգևորելու և ապագային միտված հրաշալի աշխատանքի համար:
    Նախագծի շնորհիվ մեր կրթահամալիրը իր հերթական ու կարևոր քայլն է անում կանաչապատ տարածքների խնդրի լուծման հարցում։