«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը վերջերս անցկացրեց «Երիտասարդական գագաթաժողով», որի շրջանակներում ամփոփվեց հիմնադրամի էկոակումբների գործունեության մեկ տարին։ Մեր կրթահամալիրը ևս մասնակցեց գագաթաժողովին և էկո ակումբի սաները` Գասպարյան Նատալին և Գադուկյան Անգելինան, ծրագրի ղեկավար Ռուզաննա Սիմոնյանի գլխավորությամբ, ներկայացրին «Անթափոն դպրոց առողջ համայնքում» նախագիծը։ Արդյունքում, նախագիծը արժանացավ «Ստեղծարար թիմ» անվանակարգին։Ծրագրի շրջանակներում ներկայացվեց կրթահամալիրում կառուցված ջերմոցը։
Մինի ջերմոցը կառուցվել է կրթահամալիրի դպրոցամերձ հողամասում Էյ Թի Փի կազմակերպության ծրագրի շրջանակներում, ԷԼ Հոլդինգ կազմակերպության աջակցությամբ և դպրոցի աշխատակիցների ու աշակերտների ջանքերով։
Ջերմոցում բույսեր աճեցնելու համար էկո խմբակի սաները թափոններից պատրաստել են ծաղկամաններ:
Առաջիկայում նախատեսվում է պատրաստել հիդրոպոնիկ սարքեր՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար, իսկ սննդային թափոններից կոմպոստ՝ բույսերի աճը խթանելու համար։
Ծրագիրը շարունակական է և այս տարի կրթահամալիրի աշակերտները կիրականացնեն ուսումնական, հետազոտական աշխատանքներ՝ զարգացնելով աշակերտների գործնական հմտությունները։
Նշենք, որ ջերմոցը օգտագործվելու է կրթահամալիրի տարածքների կանաչապատման, ծառերի, թփերի տնկիներ աճեցնելու համար:
Էկո խմբակի աշակերտները արդեն աճեցրել են կաղնու սերմերից տնկիներ, այժմ տնկել են օճառածառի սերմեր, որոնք գարնանը կառանձնացնեն ծաղկամանների մեջ:
Ջերմոցում նախատեսվում է նաև աճեցնել և վերականգնել անհետացող բուսատեսակների քանակը:
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Էյ Թի Փի ԲՀ-ին գաղափարին աջակցելու և համագործակցության, ԷԼ Հոլդինգ կազմակերպությանը՝ ջերմոցի կառուցման աշխատանքները կազմակերպելու համար, ինչպես նաև, շնորհակալ ենք էկոակումբի մեր սաներին, փայտամշակման ուսուցիչ Գարիկին և իհարկե՝ ծրագրի ղեկավար Ռուզաննա Սիմոնյանին՝ գաղափարի իրականացման ողջ ընթացքը կազմակերպելու, սաներին ոգևորելու և ապագային միտված հրաշալի աշխատանքի համար:
Նախագծի շնորհիվ մեր կրթահամալիրը իր հերթական ու կարևոր քայլն է անում կանաչապատ տարածքների խնդրի լուծման հարցում։
Category: Իրադարձություններ