Ժամանակակից կրթական համակարգի անբաժանելի բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որը <<Փոքրիկ Իշխան>> կրթահամալիրում իրականացվում է որպես կրթական ծրագրի անբաժանելի մաս։
Նախագծային մեթոդը որևէ հիմնախնդրի մանրամասն մշակմամբ նպատակներին հասնելու եղանակ է, որը պետք է ավարտվի շոշափելի գործնական արդյունքով։ Ուսումնական նախագծեր իրականացնելիս սովորողն անմիջականորեն ներառվում է ակտիվ իմացական գործընթացների մեջ․ ընտրում է հիմնախնդիրը, իրականացնում անհրաժեշտ տեղեկույթի հավաքագրում, պլանավորում է խնդրի լուծման տարբերակներ, եզրակացություններ է անում, վերլուծում է սեփական գործունեությունը և արդյունքում ձեռք բերում նոր գիտելիքներ և կենսափորձ։ Նման գործունեության մեջ դրսևորվում են ուսման գործընթացում սովորողների կոլեկտիվում աշխատելու կարողությունները, թիմային աշխատանքում պատասխանատվություն վերցնելու կամքը։
Նախագծային ուսուցման գործընթացը դուրս է ուսումնական առարկայի սահմաններից և ընդգրկում է սովորողին հետաքրքրություն ներկայացնող ոլորտը։ Ուսուցման մեթոդի նպատակն է սովորողներին տալ հնարավորություն նախընտրած հիմնախնդրի լուծման գործընթացում ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ՝ կոնկրետ հանձնարարություններ պլանավորելու և ինքնուրույն իրականացնելու համար։
Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին միջառարկայական կապերի միջոցով զարգացնելու իմացական կարողությունները, ինքնուրույն ձեռք բերված գիտելիքները գործնականում օգտագործելու, տեղեկատվական տարածության մեջ կողմնորոշվելու և ստացած տեղեկույթը քննադատորեն վերլուծելու կարողունակությունները։ Սովորողի մոտ ձևավորվում են նաև ինքնավերլուծության և հետազոտական կարողություններ, համագործակցային աշխատանքի, ժամանանակի և կառավարման հմտություններ, հաղորդակցման որակներ և սեփական աշխատանքը ներկայացնելու կարողություններ։
Նախագծային ուսուցման մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացումը: Ուսուցման հիմնական նպատակը՝ աշակերտների մոտ
կարողունակությունների ձևավորումն է:
Նախագծերն իրականացվում են անհատական կամ խմբային ձևաչափով։
Կրթահամալիրում նախագծերն իրականացվում են հետևյալ փուլերով՝
- 1-ին փուլ՝ հիմնախնդրի վերհանում, նպատակադրում.
- 2-րդ փուլ՝ հետազոտություն․ հարցազրույցներ ոլորտի մասնագետների հետ,
թիրախային հարցումներ, ուսումնասիրություններ, ֆոկուս խմբերի մեթոդի կիրառում․․․ - 3-րդ փուլ՝ արդյունքների ամփոփում, վերլուծություն, գնահատում, թղթապանակի ձևավորում, շնորհանդես:
«ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» կրթահամալիրում նախագծային ուսումնառության շրջանակում իրականացվել են մի շարք նախագծեր տարբեր բնագավառներից։ Ստորև ներկայացնենք վերջին երկու տարիներին 11-րդ դասարաններում իրականացված խմբային նախագծերը տարբեր ոլորտներից։
2020 – 2021 ուսումնական տարի
Թիմի անվանումը՝ ReԴա
Թեման՝ «Հայերեն – գերմաներեն նույնանուն դարձվածքների նկարազարդ գրքույկ – բառարան»
Բնագավառ՝ հումանիտար
Նպատակը՝ ստեղծել հայերեն – գերմաներեն նույնանուն դարձվածքների բառարան
Թիմի անվանումը՝ Բնագետ
Թեման՝ «Պոլիմերային նյութերի դեմ պայքարի կենսաբանական եղանակ»
Բնագավառ՝ բնագիտական
Նպատակը՝ ուսումնասիրել պլաստիկ թափոններից առաջացած թունավոր նյութերի ազդեցությունը, ինչպես նաև հետազոտել պոլիմերային նյութերի կենսաքայքայումը մանրադիտակային սնկերի կողմից։
Թիմի անվանումը՝ «Վիշապագորգ»
Թեման՝ «Գորգագործությունը՝ ինքնաճանաչման միջոց»
Բնագավառ՝ հայագիտական
Նպատակը՝ ուսումնասիրել գորգագործության պատմությունը՝ որպես հայի ինքնաճանաչողության պահպանման միջոց։
Թիմի անվանումը՝ Мирное поколение
Թեման՝ «Потерянное поколение»
Բնագավառ՝ հումանիտար, օտար լեզուներ
Նպատակը՝ ուսումնասիրելով արտասահմանյան գրականությունը՝ անցկացնել զուգահեռներ և համեմատել Առաջին համաշխարհային պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը մեր երկրում։ Ցույց տալ պատերազմի ողբերգության ազդեցությունը մի ամբողջ սերնդի վրա։
Թիմի անվանումը՝ SOS TEAM
Թեման՝ « Ինչպես պաշտպանվել երկրաշարժից »
Բնագավառ՝ ՏՏ ոլորտ
Նպատակը՝ ստեղծել համակարգչային անիմացիոն խաղ, բարձրացնելու դպրոցականների իրազեկվածությունը բնական աղետներից պաշտպանվելու կանոնների վերաբերյալ։
2021 – 2022 ուսումնական տարի
Թիմի անվանումը՝ Փյունիկ
Թեման՝ «Հայագիտության ուսումնասիրությունը Ադրբեջանում»
Բնագավառ՝ հայագիտական
Նպատակը՝ ուսումնասիրել Ադրբեջանում հայոց լեզվի, իսկ Հայաստանում ադրբեջաներենի դասվանդումը և դասավանդման պետական քաղաքականությունը։
Թիմի անվանումը՝ SMARTY
Թեման՝ «Հայկական տոներ»
Բնագավառ՝ հումանիտար, օտար լեզուներ
Նպատակը՝ ստեղծել հայկական տոների մասին սեղանի խաղ՝ անգլերեն լեզվով։
Թիմի անվանումը՝ BMM
Թեման՝ “Շինանյութի օնլայն հարթակի ստեղծում»
Բնագավառ՝ ՏՏ բնագավառ
Նպատակը՝ Ստարտափի միջոցով ստեղծել շինանյութի վաճառքի օնլայն հարթակ։
Թիմի անվանումը՝ ԲՆԱԳԵՏ
Թեման՝ «Շաքարային դիաբետի ուսումնասիրությունը դեռահասների շրջանում»
Բնագավառ՝բնագիտական
Նպատակը՝ կանխարգելել և բարձրացնել իրազեկվածությունը շաքարային դիաբետի մասին դեռահասների շրջանում։