Բազմաբնույթ մտածողություն. Լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդ

   Լեզվի  ուսուցման կոմպլեքս մեթոդը երկար տարիներ է ինչ արդյունավետ կերպով կիրառվում մեր կրթահամալիրում: Այն կիրառվում է ոչ միայն մայրենի լեզվի տառուսուցման ժամանակ, այլ նաև օտար լեզուների, և որպես վերջարդյունք տարեվերջին  մեր կրթահամալիրի փոքրիկ սաները ներկայացնում են Արեգ Լուսինյանի <<Երգող Այբուբեն>> օպերան:

Բազմաբնույթ մտածողության  տեսության հիմնադիրը Հովարդ Գարդներն է: Նա կրթությունը ստացել է նախ՝որպես հոգեբան, այնուհետև նյարդահոգեբան:

 Հ. Գարդները երկար տարիներ աշխատել է այս տեսության շուրջ : Այն կյանքի է կոչվել  1980-ական թվականների սկզբին և արդեն կիրառվում, զարգանում և հիմնավորվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ապահովելով մտածողության բարձր մակարդակ: Հ. Գարդների տեսության էությունն է .

  • Գիտելիքների ձեռք բերման բազմազանությունը
  • Մարդկանց միջև տարբերությունների ընդունումը
  • Անհատականության և ինքնուրույնության պահպանումը
  • Ուսուցման համապատասխանեցումը մարդու մտածողության հնարավորություններին
  • Ուսումնառության դյուրինությունը և հարմարավետությունը

   Հ. Գարդները առաջարկում է ուսուցումը համապատասխանեցնել մարդու մտածողության հնարավորություններին և առավելագույնս դրանք օգտագործել գիտելիքների յուրացման ընթացքում՝ ուսումնառությունը երեխայի համար դարձնելով ավելի արդյունավետ , հարմար և իր ընկալումներին համապատասխան:

   Այս տեսությունը հիմնվում է մարդու զգայարանների և խառնվածքի վրա:

Ըստ Գարդների  մարդկանց հատուկ է մտածողության 7 ձև, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են դրսևորվում: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր երեխա  հնարավորություն կունենա իր համար առավել դյուրին եղանակով ընկալել ուսուցանվող նյութը՝ միաժամանակ զարգացնելով իր մյուս հնարավորությունները, այսինքն՝  մտածողության մյուս ձևերը:

Այսպիսով, հիմնվելով մարդու զգայարանների և խառնվածքի վրա, Հ. Գարդները առանձնացրեց  մտածողության հետևյալ 7 ձևերը՝

  • մաթեմատիկական- տրամաբանական,
  • լեզվական,
  • տարածական,
  • մարմնաշարժողական,
  • երաժշտական,
  • միջանձնայի
  • ներանձնային: 

  Ընկալման, մտածողության և դրսևորման տարբեր կողմերի միաժամանակյա ակտիվացումը հնարավորություն է ընձեռում ձևավորել ճիշտ, օբեկտիվ, իրականությանը համապատասխանող մտապատկեր: 

  Այս տեսության առաջամարտիկներից ամերիկացի մանկավարժ և հոգեբան Թոմաս Արմստրոնգը առաջնորդվում է այն համոզմունքով, որ բոլոր երեխաներն էլ ի ծնե օժտված են: Յուրաքանչյուր երեխա լույս աշխարհ է գալիս իր առանձնահատուկ ներուժով, որը , եթե լավ զարգացնենք, կարող է ծառայել ի բարօրություն ամբողջ աշխարհի: Ծնողների և ուսուցչի մեծ դերն է հայտնաբերել երեխայի թաքնված տաղանդը, երևան հանել այն, կրթել, դաստիարակել և հաջողություններով պսակել:

Հիմնվելով Հ. Գարդների տեսության վրա ՝ հայտնի հոգեբան Քեյթ Ռոջերսը  ձևակերպել է , որ .

  • Մտածողությունը եզակի չէ, այն բազմաբնույթ է
  • Յուրաքանչյուր մտածողություն յուրահատուկ, բացառիկ կառույց է
  • Մտածողության բոլոր տեսակները շարժուն(դինամիկ )բնույթ ունեն
  • Մտածողության որևէ տեսակ առանձին հազվադեպ է հանդիպում
  • Մտածողության այս կամ այն ձևի դրսևորումը նպաստում է մտածողության մյուս ձևերի զարգացմանը
  • Յուրաքանչյուր անհատ կարող է հայտնաբերել և զարգացնել իր մտածողության բազմազանությունը

  Այն իրողության գիտակցումը, որ յուրաքանչյուր անհատ իրեն կարող է դրսևորել միանգամայն տարբեր բնագավառներում , և մի բնագավառում դրսևորած ընդունակություններն ամենևին չեն բացառում մեկ այլ բնագավառում ուժեղ կամ թույլ լինելը : Նա նույնպես մերժում է այն կարծիքը, որ մարդն ի ծնե <<խելոք>> կամ <<հիմար>> է լինում:

Սակայն կան այս տեսության հետ չհամաձայնվող մարդիկ, ովքեր ընդգծում են , որ քիչ են մտածողության ձևերը, տեսության մեջ չի ներառվել ճանաչողական տեսությունը, թե ինչպես են մարդիկ տեղեկատվություն ստանում աշխարհի մասին, ինչպես է այդ տեղեկատվությունը ներկայացնում , ինչպես է այն պահվում հիշողության մեջ և վերածվում գիտելիքի, և վերջապես ինչպես է այդ գիտելիքն ազդում մեր ուշադրության և վարքի վրա: Որքան ավելի խորն ենք ճանաչում կոմպլեքս մեթոդը, այնքան ցայտուն կերպով տեսնում ենք առաջադրված յոթ բաղադրիչների փոխկապակցությունը, որոնք ամբողջացնում են սովորողի կուտակած փորձը:

  Տառուսուցման ընթացքում կիրառվող լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդը թույլ է տալիս բացահայտել մարդու հատուկ ընկալման, մտածողության ձևերը և դրան համապատասխան կառուցել ուսուցման գործընթացը:

  Այսպիսով մեր կրթահամալիրի սաները տառերը սովորում են բազմաբնույթ մտածողության տեսության կոմպլեքս մեթոդի շնորհիվ: Երեխան հնչյուն- տառ սովորում է այդ տառը երևակայությամբ պատկերելով , տառը հավաքում և ստանում է երկրաչափական պատկերներով, ծեփամածիկով ծեփում է այն, սովորում է այդ հնչյուն- տառի երգը և պարուսույցի հետ համապատասխան պարային շարժումներով բեմադրում է: Ընդգծեմ, որ մեր կրթահամալիրի սաները այս ամենին զուգահեռ իրենց բոլոր զգայարանները աշխատեցնում և զարգացնում են կավի միջոցով, և այս ամենը իրականացվում է մայրենի լեզվի ուսուցմանը զուգահեռ:

Նյութի հեղինակ

<<Փոքրիկ Իշխան>> կրթահամալիրի դասվար՝ Ելենա Գրիգորյան

Օգտակար հղումներ․

https://www.youtube.com/watch?v=9t7moRXCGgE

https://www.youtube.com/watch?v=fE0ZNBufE0I

https://www.youtube.com/watch?v=iwG0jJGL4Ok