Հարգելի՛ բարեկամներ,
Բարի գալուստ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի պաշտոնական կայք։
Այս հարթակը նախատեսված է կրթահամալիրի ողջ կրթական համայնքի, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ մեր մեծ ու համերաշխ ընտանիքին։ Այստեղ դուք կարող եք գտնել մեր դպրոցի առօրյային, գործունեությանը, ծրագրերին, նախագծերին, նորություններին և միջոցառումներին վերաբերող տեղեկատվություն։
Ժամանակակից աշխարհում ամենազորեղ զենքը գիտելիքն է: Դա այն ուժն է, որն անպարտելի է դարձնում մարդուն , որն ունակ է բազում դռներ բանալու, տանելու ճիշտ ու արդար ուղիով: Իսկ գիտելիքի ձեռք բերման համար անհրաժեշտ են ոչ միայն ցանկություն, խելք ու կամք, այլ նաև բազմակողմանի, փոխկապակցված, նպատակասլաց աշխատանք և նպաստավոր պայմաններ, որոնք էլ ստեղծվում են դպրոց-ընտանիք սերտ համագործակցության արդյունքում:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեությունը նպատակաուղղված է աշակերտի բազմակողմանի ու մատչելի ուսումնառության կազմակերպմանը, ներդաշնակ միջավայր ստեղծելուն, որտեղ աշակերտն ունի ազատ արտահայտվելու իրավունք, ստեղծագործական կարողություններ ձևավորելու, վերլուծական միտք զարգացնելու հնարավորություն։ Շնորհիվ մեր կրթահամալիրի հմուտ և արհեստավարժ ուսուցիչների՝ ամեն սովորող կարողանում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, ունենալ նորօրյա աշխարհընկալում և վերաբերմունք։
Փաստում եմ, որ իր գործունեության 20 և ավելի տարիների ընթացքում կրթահամալիրը իր կարևոր, լուրջ ու արժեքավոր խոսքն է ասել կրթության ոլորտում՝ աչքի ընկնելով բազմաթիվ ձեռքբերումներով, նախագծերով, ծրագրերով՝ նոր կյանք ուղղորդելով կրթված ու բանիմաց սերունդների։
Կրթահամալիրում տեսական գիտելիքից, գործնական հմտություններից ու կարողություններից զատ կարևորվում է նաև քաղաքացիական ինքնագիտակցության, ակտիվ առաջնորդության և ազատ մտածողության հիմնարար արժեքների զարգացումը:
Մեր հաջողված գործունեության ամենամեծ վկայությունը մեր բանիմաց շրջանավարտներն են, որոնք ընդունվում են բուհ հենց դպրոցում ստացած ակադեմիական գիտելիքներով։ Անհերքելի է, որ ցանկացած շրջանավարտ պետք է կարողանա հստակ ու կողմնորոշված մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին: Դա պահանջում է ոչ միայն տեղեկացվածություն, գիտելիքների առկայություն, այլ գիտելիքների մեջ ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն և պատասխանատվություն:
Հարգանքով՝ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Արմենակի Խախամյան