Դեռահասություն

Հարաբերականորեն հանգիստ կրտսեր դպրոցական տարիքից հետո դեռահասության տարիքը չափազանց բարդ է և բուռն։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով, հատկապես շատ փոփոխություններ դիտվում են անձի ձևավորման առումով։ Դեռահասի գլխավոր առանձնահատկությունը անձնական անկայունությունն է։ Հակադիր գծերը, ձգտումները, միտումները գոյակցում են միմյանց հետ՝ պայմանավորելով դեռահասի բնավորության և վարքի հակասականությունը։

     Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության» զգացումը և «Ես կոնցեպցիան»։
Երբ ասում են, որ երեխան մեծանում է, ի նկատի ունեն, նրա պատրաստվածության կայացումը կյանքին մեծահասակների հասարակությունում, ընդ որում, որպես նրա լիիրավ անդամ։ Իհարկե, դեռահասը հեռու է մեծ լինելուց, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, թե սոցիալապես։ Նա օբյեկտիվորեն չի կարող ներառվել մեծահասակի կյանք, բայց ձգտում է և հավակնում մեծահասակի հետ հավասար իրավունքների։ Նոր դիրքը դրսևորվում է տարբեր ոլորտներում, հաճախ արտաքին տեսքի, շարժուձևի մեջ։
     Դեռահասի արտաքին տեսքը հաճախ դառնում է անընդհատ թյուրիմացությունների և կոնֆլիկտների աղբյուր ընտանիքում։ Ծնողների դուր չի գալիս ոչ երիտասարդական նորաձևությունը, ոչ իրերի գները։ Իսկ իրեն եզակի համարող դեռահասը միևնույն ժամանակ ձգտում է ոչնչով չտարբերվել հասակակիցներից։ Խմբի հետ ձուլվելու, ոչնչով չառանձնանալու ցանկությունը, որը պատասխանում է անվտանգության պահանջմունքին, հոգեբանները դիտարկում են որպես հոգեբանական պաշտպանության մեխանիզմ՝ անվանելով սոցիալական միմիկրիա։

    Չափահասության զարգացումը իր ամենատարբեր դրսևորումներով կախված է նրանից, թե որ ոլորտում է դեռահասը փորձում հաստատվել, ինչ բնույթ է ձեռք բերում նրա ինքնուրույնությունը հասակակիցների հետ հարաբերություններում, ազատ ժամանակի օգտագործման, տարբեր զբաղմունքների, տնային գործերի կատարման մեջ։ Կարևոր է և այն հանգամանքը՝ նրան բավարարում է իր ձևական ինքնուրույնությունը, չափահասության արտաքին թվացող կողմը, թե անհրաժեշտ է իրական, խորքային ինքնուրույնություն։ Այս գործընթացի վրա էականորեն ազդում է երեխայի հարաբերությունների համակարգը. ծնողների, ուսուցիչների, հասակակիցների կողմից նրա չափահասության ընդունումը։
    Չափահասության զգացումը դառնում է կրտսեր դեռահասության տարիքի կենտրոնական նորագոյացությունը, իսկ տարիքի ավարտին՝ մոտավորապես 15 տարեկանում, երեխան ևս մեկ քայլ է կատարում իր անձնային զարգացման մեջ։ Ինքն իրեն որոնումներից, անձնային անկայունությունից հետո նրա մոտ ձևավորվում է «Ես» կոնցեպցիան՝ ինքն իր մասին ներքին համաձայնեցված պատկերացումների, <<Ես>>-կերպարների համակարգը։

    Մոտավորապես 11-12 տարեկանում հետաքրքրություն է առաջանում սեփական ներաշխարհի նկատմամբ, այնուհետև տեղի է ունենում ինքնաճանաչողության աստիճանական բարդացում և խորացում։ Դեռահասն իր համար բացահայտում է իր ներաշխարհը։ Նոր հարաբերությունների հետ կապված բարդ ապրումները, իր անձնային գծերը, արարքները վերլուծվում են դեռահասի կողմից շատ կողմնակալ։ Դեռահասը ցանկանում է հասկանալ՝ ինչպիսին է ինքն իրականում, պատկերացնում է իրեն, թե ինչպիսին է ցանկանում լինել։ Ինքն իրեն ճանաչելու գործում օգնում են ընկերները,  մոտ մեծահասակները։ Դեռահասության ռեֆլեքսիան, ինքն իրեն հասկանալու պահանջմունքը դրսևորվում են հասակակիցների հետ հարաբերություններում, օրագրերում, բանաստեղծություններում, ֆանտազիաներում։

  •     Դեռահասության տարիքին բնորոշ են ուժեղ, երբեմն միմյանց փոխարինող հետաքրքրություններ։ Կա կարծիք, որ դեռահասության տարիքն առանց հետաքրքրությունների նման է առանց խաղի մանկության։ Երեխան ինքն է ընտրում իրեն հաճելի զբաղմունքը՝ դրանով իսկ բավարարելով և՛ ինքնուրույնության, և՛ ճանաչողության պահանջմունքը և այլն։
        Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։
     
  •  Դեռահասության տարիքում ոչ միայն բուռն զբաղվում են տարբեր զբաղմունքներով, այլև նույնքան հուզականորեն շփվում են հասակակիցների հետ։ Շփումը ներթափանցում է դեռահասների ամբողջ կյանք՝ հետք թողնելով նրանց ուսման, ոչ ուսումնական զբաղմունքների, ծնորղների հետ հարաբերությունների վրա։ Առավել բովանդակալից, խորը շփում հնարավոր է ընկերական հարաբերությունների դեպքում։ Այս տարիքի առաջնային գործունեությունը ինտիմ-անձնային շփումն է։
  •  Դեռահասների հարաբերությունների ևս մեկ նշանակալից ոլորտ է մեծահասկաների, և առաջին հերթին, ծնողների հետ, շփումը։ Ծնողների ազդեցությունն արդեն սահմանափակ է, այն չի ընդգրկում երեխայի կյանքի բոլոր ոլորտները։ Հասակակիցների կարծիքը սովորաբար ավելի կարևոր է ընկերական հարաբերություններում, ժամանակակից երաժշտության, զվարճանքների հետ կապված հարցերում։ Բայց դեռահասի արժեքային կողմնորոշումները, նրա կողմից սոցիալական խնդիրների հասկացումը, իրադարձությունների և արարքների բարոյական գնահատումը կախված են, առաջին հերթին, ծնողների դիրքից։