Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մեծագույն մտահոգություններից մեկը հաճախ կապված է լինում ուսումնական ցածր առաջադիմության հետ։ Խնդիրը սրվում է հատկապես 5-րդ դասարանից սկսած, երբ երեխաների մոտ սկսվում են դեռահասության տարիքին բնորոշ ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները, ուսումնական ծրագիրն ավելի բարդանում և ծավալուն է դառնում, փոխվում է ուսուցիչների և հասակակիցների հետ հարաբերությունների տրամաբանությունը։
Ուսումնական ցածր առաջադիմության մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանալ դրա պատճառները․ արդյոք երեխան բավարար ընդունակություննե՞ր չունի սովորելու, թե՞ պարզապես չի ուզում սովորել։
Առաջին դեպքում մենք հաճախ գործ ենք ունենում ծնողի բարձր հավակնությունների և ուսուցիչների մեծ սպասելիքների հետ, երբ անտեսելով երեխայի ընդունակություններն ու կարողությունները, նրա առաջ դրվում են չափազանց բարձր պահանջներ, իսկ այդ պահանջները չբավարարելը համարվում է ծուլության հետևանք։ Եթե կրտսեր դպրոցում երեխան անցնում է ընդամենը մի քանի առարկաներ, կտրված չէ արվեստից (դասացուցակում ունի կերպարվեստի, երաժշտության, որոշ դեպքերում նաև պարի դասաժամեր), տնային հանձնարարությունները քիչ են, իսկ ազատ ժամանակը՝ շատ, ապա միջին դպրոցում երեխան սկսում է առնչվել հումանիտար և բնագիտական մի շարք առարկաների հետ, և այստեղ ակնառու են դառնում նրա ուղեղի առանձնահատկություններով պայմանավորված հատուկ ընդունակությունները, հակումները։ Գաղտնիք չէ, որ որոշ մարդիկ ունեն լավ նախադրյալներ գիտական, ռացիոնալ, տրամաբանական գործունեության համար, որոշները հակված են արվեստին, ստեղծագործական գործունեությանը, երրորդներն ունեն հրաշալի ֆիզիկական տվյալներ որոշակի մարզաձևերում իրենց դրսևորելու համար, մյուսները կարող են հաջողությամբ զբաղվել հասարակական գործունեությամբ և այլն։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք այն աշակերտին, ումից տանը սպասում են միայն գերազանց գնահատականներ բոլոր առարկաներից, ումից ուսուցիչները դժգոհում ու համեմատում են իր կողքին նստած գերազանցիկի հետ, ով պիտակավորվում է որպես «վատ սովորող» և ինքն էլ սկսում է իրեն համապատասխան ձևով դրսևորել։
Իսկ ի՞նչ անել նման սցենարից խուսափելու համար․
- Փոխարինել «կարմիր գրիչը» «կանաչ գրիչով»․ սխալները, թերությունները, անհաջողությունները մատնանշելու փոխարեն կանաչ գրիչով ընդգծել այն ամենն, ինչը լավ է ստացվում։ Երբ երեխայի հետ մշտապես խոսվում է խնդիրների մասին, դա լարվածություն, ամոթի ու թերարժեքության զգացում է առաջացնում, և ուշադրությունից դուրս են մնում ձեռքբերումները։
- Ստեղծել անհրաժեշտ պայմաններ ուսումնական գործունեության կազմակերպման համար․ սկսած հարմարավետ սեղանից ու աթոռից, օրվա ռեժիմին հետևելուց, մինչև այնպիսի իրավիճակներ ապահովելը, որտեղ երեխան կկարողանա իրեն տարբեր կողմերից դիտարկել, ինքնաբացահայտումներ անել։ Օրինակ, արշավների, էքսկուրսիաների, մրցույթների, կամավորական աշխատանքների, հասարակական մ իջոցառումների մեջ ներգրավելն ու երեխայի նախաձեռնությունները խրախուսելը կարող է անուղղակի դրական ազդեցություն ունենալ նաև ուսումնական գործունեության վրա։
- Անհրաժեշտ է երեխային օգնել հասկանալ իր ուժեղ ու թույլ կողմերը, ճանաչել իր ռեսուրսներն ու հնարավորությունները, ընդունել, որ մարդիկ տարբեր են և բոլորը չէ, որ կարող են լիարժեքորեն կատարել կրթական համակարգի բոլոր պահանջները։
Այս պարզ թվացող կետը գործնականում բարդանում է նրանով, որ երեխայի շուրջ գտնվող մեծահասակները նույնպես շատ հաճախ կարծրատիպային մոտեցումներով են առաջնորդվում, մարդկանց տարբերությունները ոչ թե որպես բնականոն առանձնահատկություն են ընկալում, այլ ամեն բան տեղավորում են «լավի» ու «վատի» խիստ վիճելի և ոչ միանշանակ կատեգորիաների մեջ, իրենց երեխաներից ամեն ինչում կատարելություն են պահանջում՝ չհանդուրժելով հորինված «նորմայից» ցանկացած շեղում։ Մինչդեռ օգտակար կլինի հիշել, որ պատմությանը հայտնի բազմաթիվ մեծ գիտնականներ ու արվեստագետներ հենց այդ նորմայի մեջ բոլորովին չէին տեղավորվում։
Եվ վերջապես, կարևոր է հիշել, որ երեխան ծնողի սպասելիքներն ու երազանքներն իրականացնելու համար չի աշխարհ եկել, այլ՝ սեփական պոտենցիալը լավագույնս բացահայտելու և սեփական ուղին գծելու։
Եթե մենք երեխային փոքրուց չենք սովորեցնում ճանաչել և ընդունել սեփական առանձնահատկությունները, այլ մշտապես նրա հնարավորություններին անհամապատասխան բարձր նշաձող ենք սահմանում, որպես արդյունք ամենայն հավանականությամբ կունենանք ցածր ինքնագնահատականով ու բարձր տագնապայնությամբ անձ։ Ծնողական մաքսիմալիզմն ու բարձր պահանջները հաճախ լարվածություն են առաջացնում նաև ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում, մինչդեռ լավագույն արդյունք հնարավոր է ստանալ միայն առողջ համագործակցության դեպքում, երբ գնահատականներից առավել կարևորվում է երեխայի հոգեբանական առողջությունն ու անձի ներդաշնակ զարգացումը։
Երկրորդ դեպքում, երբ երեխան ոչ թե չի կարողանում, այլ չի ուզում սովորել, այլ կերպ ասած՝ ունի ուսումնական ցածր մոտիվացիա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների․
Տարիքային առանձնահատկություններ․ կրտսեր դպրոցականների ուսումնական մոտիվացիան հիմնականում բարձր է լինում․ իրավիճակը փոխվում է դեռահասության տարիքում, երբ հասակակիցների հետ շփումներն ավելի են կարևորվում, քան՝ ուսումնական գործունեությունը։ Դեռահասները հաճախ արժեզրկում են դասերն ու գնահատականները, չսովորելը երբեմն նաև իրենց բունտը, բողոքն արտահայտելու միջոց է դառնում, իսկ «ինձ մի՛ ասեք, ես ինչ անեմ»-ը՝ կյանքի կարգախոս։ Քիչ չեն նաև սիրահարված դեռահասները, ովքեր պարզապես բուռն հույզերի ֆոնին ժամանակավորապես կորցնում են հետաքրքրությունը մնացած ամեն ինչի, հատկապես՝ դասերի հանդեպ։
- Ուսուցիչներ․ եթե կրտսեր դպրոցականների համար ուսուցիչը հիմնականում լուրջ հեղինակություն է լինում, ապա դեռահասների հետ աշխատող ուսուցիչները երբեմն լուրջ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել, մինչև նրանց հարգանքին ու ընդունմանն արժանանալը։ Աշակերտների մոտ առարկայի հանդեպ վերաբերմունքը և այն սովորելու մոտիվացիան հիմնականում ձևավորվում է ուսուցչի հանդեպ վերաբերմունքին համապատասխան։ Իրենց առարկան ու աշխատանքը սիրող, նոր ու հետաքրքիր մեթոդներ կիրառող ուսուցիչները սովորաբար չեն դժգոհում աշակերտների ուսումնական ցածր մոտիվացիայից։
- Աշակերտի անձնական հարաբերություններ․ ուսումնական մոտիվացիայի վրա մեծ ազդեցություն են ունենում աշակերտի հարաբերություններն ու դիրքը դասարանում և դպրոցում։ Կոնֆլիկտային իրավիճակներում հաճախակի հայտնվող, բուլլիինգի ենթարկվող աշակերտին խիստ դժվար է կենտրոնացնել ուշադրությունը դասերի վրա։ Եվս մեկ կարևոր գործոն է դասարանում ոչ կոնստրուկտիվ լիդերների առկայությունը, ովքեր սովորելը մոդայիկ չեն համարում և կարող են նույնիսկ ծաղրել բարձր առաջադիմություն ունեցողներին։
- Ընտանիքի ազդեցություն․ ընտանեկան խնդիրներն ու անբարենպաստ մթնոլորտը ևս ազդում են երեխայի ուսումնական մոտիվացիայի վրա, քանի որ հուզական անկայուն վիճակում գտնվող երեխայի համար դասերը երկրորդական են դառնում։ Կարևոր է նաև այն, թե ինչ արժեքներ են ընդունված ընտանիքում․ եթե կրթությունը չի արժևորվում, ծնողները պատշաճ աջակցություն և հետևողականություն չեն դրսևորում երեխայի ուսումնական գործունեության հանդեպ, ապա մեծ է հավանականությունը, որ երեխան էլ շատ չի կարևորի սովորելը։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ ուսումնական ցածր մոտիվացիա ունեցող յուրաքանչյուր աշակերտի դեպքն ուսումնասիրելիս հնարավոր է գտնել միայն այդ դեպքին բնորոշ գործոններ։
Այս ամենն իմանալուց հետո հաջորդ քայլը պետք է լինի կոնկրետ դեպքի համար աջակցության պլանի կազմումը․ եթե ուսուցիչն ու ծնողն ունեն առողջ համագործակցային հարաբերություններ, իսկապես ճանաչում են երեխային, կարողանում են հասկանալ նրա պահանջմունքներն ու կարիքները, ապա կկարողանան գտնել նաև նրան աջակցելու լավագույն ձևը։
Նյութի հեղինակ՝ Արաքս Առաքելյան