Կիբեռանվտանգության կանոններ դեռահասների համար

Ներկա ինտերնետային սերնդի դաստիարակությունը մեզ նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին ավելին գիտեն, քան իրենց ծնողները, ուստի զարմանալի չէ, որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ:

Որքան որ պահանջված է համակարգչի դերը մեր առօրյայում, այնքան վտանգները շատ են, ուստի շատ կարևոր է ծնողների ներգրավումը երեխաների համացանցային կյանքին։

Երեխաները կարող են շատ հմտորեն տիրապետել համակարգչին, սակայն նրանք մեծահասակների կարիքն ունեն՝ ճիշտ կողմնորոշվելու, ինֆորմացիայի խառանաշփոթում հնարավորինս չսխալվելու և ցանցային բարեհաջող շփումներ ունենալու համար։

Այս հսկայական սարդոստայնում չխճճվելու, անձնական տվյալները անվտանգ պահպանելու համար՝ հարկավոր է հետևել որոշակի կանոնների․

1․ Թարմացրու՛ համակարգչի կամ հեռախոսի ծրագրերդ՝ ներբեռնելով համապատասխան ծրագրեր կամ ակտիվացնելով ավտոմատ թարմացման գործառույթը․ սա արվում է քո անվտանգության համար։

2․ Վիրուսներից մաքրի՛ր հեռախոսդ կամ համակարգիչդ, եթե չգիտես ինչպես, քեզ կօգնեն համակարգչային դասընթացի ուսուցիչներդ կամ մասնագետները։

3․ Խաղեր խաղալիս կամ որևէ կայքում գրանցվելիս՝ փորձի՛ր չհրապարակել անունդ, ազգանունդ, տան, դպրոցի հասցեդ, հեռախոսի համարդ։ Համացանցը լի է չար ու նենգ մարդկանցով, հաքերներով, որոնք, քո տվյալները օգտագործելով, կարող են վնասել քեզ։

4․ Համացանցում ընկերացի՛ր միայն այն մարդկանց հետ, ում ճանաչում ես իրական կյանքում, գուցե կեղծ էջերով փորձում են գողանալ քո անձնական տվյալները։

5․Անձնական տվյալներ մի՛ հրապարակիր համացանցում և մի՛ կիսվիր անծանոթների հետ, անգամ եթե ներկայանան որպես բարեկամ կամ ծանոթ։

6․ Քեզ համար սահմանի՛ր գաղտնաբառեր, որոնք դու հեշտ կհիշես, բայց միևնույն ժամանակ դրանք անհասկանալի կլինեն անծանոթներին։ Ոչ մեկին մի՛ ասա գաղտնաբառերդ, դրանք քո ապահովության բանալիներն են։ Քո անձնական տվյալներն ու տեղեկատվությունը կարևոր ու արժեքավոր են։

7․Անհայտ հասցեներից, եթե հղումներ ես ստանում մի՛ տարածիր, անգամ եթե այն քեզ փող, հաջողություն կամ երջանկություն է խոստանում, գուցե դա նպատակ ունի գողանալու քո անձնական էջի տվյալները և քեզ վնասելու։

8․ Զգույշ եղի՛ր անհայտ թեստեր կատարելուց, որքան էլ , որ դրանք գրավիչ ու հետաքրքիր լինեն, այդ էջեր մտնելով՝ դու կարող ես վտանգել քո անձնական տվյալները, որոնք կհայտնվեն անծանոթ մարդկանց մոտ և նրանք էլ կեղծ էջեր կբացեն քո նկարներով և քո տվյալներով։

9․ Օգտվի՛ր անվտանգ կայքերից․ երբ մուտք ես գործում որևէ էջ, ուշադիր եղի՛ր հասցեի առաջին հատվածին, այն պետք է սկսի այսպես՝ https:// կամ shtpp://, ահա այս դեպքում էջն անվտանգ է։

10․ Համացանցից որևէ բան ներբեռնելուց կամ նյութերով կիսվելուց առաջ մտածի՛ր դրանց անհրաժեշտության և անվտանգության մասին։ Համացանցում ամեն ինչ մնում է հավերժ, դու կարող ես ինչ-որ բան ջնջել, բայց այլոց էջերում դրանք կպահպանվեն։

ԿԻԲԵՌՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ

Համացանցում մեկը մյուսին ծաղրելը, վիրավորելը, նեղացնելը կոչվում են կիբեռհետապնդումներ։

Ինչպես կյանքում, այնպես էլ համացանցում անհրաժեշտ է հարգել միմյանց, հետևել քաղաքավարության կանոններին․

  • Լինել քաղաքավարի
  • Լինել անկեղծ
  • Չնեղացնել, չծաղրել, չվիրավորել ոչ մեկի
  • Մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես, որ կուզենայիր քեզ հետ վարվեին

Եթե քեզ կամ քո ընկերներին չար, սպառնացող կամ անհարմար բովանդակության նամակներ են ուղարկում,վախեցնում, ապա կատարի՛ր հետևյալը․

  • Պատմի՛ր ծնողներիդ կամ ուսուցիչներիդ
  • Պահապանի՛ր սպառնալիքները, հետագայում ապացույցներ ունենալու համար
  • Ապաակտիվացրո՛ւ կամ փակի՛ր տվյալ սպառնացողի հետ հաղորդակցման աղբյուրը
  • Հիշի՛ր, որ անհրաժեշտության դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։

Չնայած բոլոր մարտահրավերներին՝ համացանցը անսպառ, օգտակար և անհրաժեշտ գիտելիքի հսկայական աղբյուր է, սակայն ճիշտ օգտվելու համար անհրաժեշտ է պահպանել կանոնները․

  • Սովորի՛ր ճիշտ ու անվտանգ օգտվել համացանցից․ ծնողներիդ ու ուսուցիչներիդ հետ համատեղ սահմանի՛ր անվտանգության կանոնները։
  • Ընկերներիդ, ուսուցիչներիդ, ծնողներիդ հետ կարելի է մտածել և հետաքրքիր նախագծեր իրականացնել։
  • Պետք է բարի և հանրության համար պիտանի նյութերով լցնել համացանցը։

Նյութի աղբյուրը՝ LibArmEdu.am, Պաշարների շտեմարան